Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին գործերի նախարարության թիվ 1 առաջնահերթություններից չէ, խորհրդարանում Բյուջե-2025-ի քննարկմանը հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա առաջնահերթ է համարել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Ցեղասպանության հարցը թիվ 1 օրակարգ դարձնելը ԱԳ նախարարության օրակարգում չէ։ ՀՀ ԱԳՆ-ի թիվ 1 առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է։ Եվ այս շրջանակում մեզ համար առաջին ուղղությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է։ Այս համատեքստում կա մի քանի ուղղություն․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացում և ստորագրում, ենթակառուցվածքների ապաշրջափակում և սահմանազատման գործընթաց»,- նշել է նախարարը։
Ապրիլին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու անհրաժեշտության մասին։ Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության օրակարգում նման հարց չկա։
Փաշինյանն ապրիլի 24-ի իր ուղերձում կոչ էր արել հայ ժողովրդին «դադարեցնել հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել են այդ հայրենիքը, Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»։ «Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության»,- ասվում էր հայտարարության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։