Հոկտեմբերի 13-ին Երևանի 2806 ամյակի առթիվ մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած միջոցառումները պետբյուջեի վրա արժեցել են 304,5 մլն դրամ (787 հազար դոլար), գրում է «Ժողովուրդ»-ը՝ վկայակոչելով պաշտոնական փաստաթղթերը։
Թերթը նշում է, որ այս գումարը 20 անգամ գերազանցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սևանի շուրջ երկօրյա հեծանվավազքի վրա ծախսած գումարին, որն արժեցել է 15 մլն դրամ (40 հազար դոլար)։
Ըստ լրատվամիջոցի՝ միջոցառման կազմակերպիչը Factory Production ընկերությունն էր, որը նախկինում մի քանի անգամ պետական պատվերով միջոցառումներ էր իրականացրել։ Մասնավորապես, 2018-2022 թվականներին 14 պայմանագիր էր կնքել պետական տարբեր մարմինների հետ, որոնցից 12-ը՝ առանց մրցույթի։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել էր մոտ 1,5 մլրդ դրամ։
Օգոստոսի 28-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ օգոստոսի 24-25-ը Փաշինյանի երկօրյա հեծանվավազքը Սևանի շուրջը պետական բյուջեի վրա արժեցել էր 15 միլիոն դրամ (40 հազար դոլար): Պարբերականը նշել էր, որ հեծանվային արշավին մասնակցել էր 50 մարդ, սակայն նրանք բյուջեի միջոցներով գնել էին 100 անձրևանոց և երկու օր անընդմեջ սնունդ մատակարարել 100 մարդու։