ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական էջից։
Նա նշել է, որ Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է։
«Վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել և ավելի ամրապնդել պատմական սերտ առնչությունների, ժողովրդավարության հիմնարար արժեքների վրա խարսխված երկկողմ հարաբերությունները»,- նշել է նա։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Սանդուն առաջատար է Մոլդովայի նախագահական ընտրություններում ձայների 99% հաշվարկից հետո։ Նրան աջակցել է ընտրողների 55,09%-ը, իսկ Սոցիալիստների թեկնածու և նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդրու Ստոյանոգլոյին՝ 44,91%-ը։ Նախնական արդյունքներով՝ Սանդուի մրցակիցն առաջատար էր, բայց նա առաջ է անցել արտերկրում բնակվող մոլդովացիների ձայների հաշվարկի շնորհիվ։