Կազանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԲՐԻԿՍ+ 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած շփումն սկսվել է «անմիջականորեն ընդհանուր սեղանի շուրջ և շարունակվել այլ ֆորմատով», լրագրողներին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Եթե չեմ սխալվում, մեկ ժամից ավել խոսել են, ապա խոսակցությունը տեղափոխվել է այլ ֆորմատ, որի լուսանկարները դուք տեսել եք»,- նշել է նա։
Սիմոնյանը մանրամասնել է, որ քննարկվել են հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված օրակարգային հարցեր։
«Խոսակցությունը՝ պայմանավորվածությունը, նույնն է, ինչի մասին դուք գիտեք. խաղաղության հաստատում, կոմունիկացիաների բացում և գերիների մասին խոսակցություն։ Հիմնականում քննարկվել են օրակարգային հարցերը, դրանց լուծում տալու երկկողմ համաձայնություններ գտնելը»,- շեշտել է նա։
Հոկտեմբերի 24-ին Կազանում՝ ԲՐԻԿՍ+ 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։
Մինչ երկկողմ հանդիպումը՝ Փաշինյանին և Ալիևը զրույց էին ունեցել, որի ընթացքում նրանց էին միացել երկու երկրների արտգործնախարարները։