Բրյուսելում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովն սպառնացել է իր հայ գործընկեր Տիգրան Բալայանին, գրում է Politico-ն՝ հղում անելով Հայաստանի դեսպանատան նամակին։
Հրապարակման համաձայն՝ միջադեպի առնչությամբ ՀՀ դեսպանությունը պաշտոնական բողոք է ուղարկել դիվանագիտական այլ ներկայացուցչություններ։ Փաստաթղթի համաձայն՝ Բալայանը Սադիգովի կողմից ենթարկվել է «բանավոր հարձակումների և ահաբեկման», որը «նրա կյանքի նկատմամբ բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել», գրում է հրատարակությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում՝ Թուրքիայի դեսպանատան կողմից ազգային տոնին նվիրված ընդունելության ժամանակ։ Նշվում է, որ սա Անկարայի կողմից կազմակերպված առաջին միջոցառումն էր, որին Հայաստանի դեսպանությունը հրավիրված էր 2020 թվականի պատերազմից հետո։ Politico-ի հետ զրույցում Ադրբեջանի դեսպանը հերքել է միջադեպի մասին հաղորդագրությունը, ինչպես նաև հայտարարել, որ տեղյակ չէ հայկական կողմի նամակի մասին։
Հայաստանի դեսպանությունը հրաժարվել է մեկնաբանություններից, իսկ Թուրքիայի դեսպանատունը չի պատասխանել հրատարակության հարցմանը։ Նշվում է, որ անցյալ տարի Սադիգովը քննադատության էր ենթարկվել Եվրամիության կողմից՝ սոցիալական ցանցերում արած հրապարակման պատճառով, որտեղ նա, ըստ ամենայնի, սպառնացել էր Բալայանի հետ Հայաստան այցելած Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը։