Հայաստանի քաղաքացիների ավելի քան 64%-ը չի հավատում Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև տարեվերջ խաղաղություն կնքելու հնարավորությանը։ Այս մասին են վկայում MPG/Gallup International Association-ի կողմից հոկտեմբերի 24-30-ը 1100 քաղաքացու շրջանում անցկացված հարցման տվյալները։
Հարցվածների 23,4%-ը հայտնել է, որ ավելի շուտ չի հավատում մինչև տարեվերջ խաղաղություն կնքելուն, 41,2%-ը նշել է, որ միանշանակ չի հավատում, 8,3%-ը վստահություն է հայտնել, որ մինչև տարեվերջ խաղաղություն կհաստատվի։ Հարցվածների 17,5%-ը հայտնել է, որ ավելի շուտ հավատում է խաղաղություն կնքելուն, իսկ 9,6%-ը դժվարացել է պատասխանել։
Միաժամանակ՝ քաղաքացիների 90%-ը կարծում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա կարգավորման դիմաց Հայաստանն այլևս չպետք է զիջումների գնա՝ նշելով, որ զիջելու բան այլևս չի մնացել։
Ըստ հարցման տվյալների՝ քաղաքացիների ավելի քան 72%-ը դժգոհ է Արցախի անկախության հռչակման վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից։
Նրանց 51,5%-ը լիովին բացասական է վերաբերվել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բավականին բացասական քվեարկել է 21,3%ը, լիովին դրական՝ 5%-ը, ավելի շուտ՝ դրական՝ 9,8%-ը, իսկ 12,4%-ը դժվարացել է պատասխանել: