Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Բրյուսելում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի կողմից ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին ուղղված սպառնալիքների մասին տեղեկությունը։
«Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ընդունելության ժամանակ հնչել են վիրավորանքներ և սպառնալիքներ, ինչի մասին տեղեկացրել ենք բելգիական կողմին, ինչպես նաև ԵՄ-ին։ Կարծում եմ՝ այս հարցն ուսումնասիրվում է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը։
Բրյուսելը դեռ չի արձագանքել հայկական կողմի հաղորդագրությանը, հավելել է նա։
Նոյեմբերի 3-ին Բալայանի հասցեին Սադիգովի սպառնալիքների և վիրավորանքների մասին տեղեկությունը տարածել էր ամերիկյան Politico-ն։ Հրատարակությունը հայտնել էր, որ Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հղել Բրյուսելի դիվանագիտական ներկայացուցչություններին։ Միջադեպը, ըստ Politico-ի, տեղի էր ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում՝ Թուրքիայի դեսպանատան կողմից երկրի ազգային տոնի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ։
Կայքի հետ զրույցում Ադրբեջանի դեսպանը հերքել էր միջադեպի մասին հաղորդագրությունը, ինչպես նաև հայտարարել, որ տեղյակ չէ հայկական կողմի նամակի մասին։ Հայաստանի դեսպանությունը հրաժարվել էր մեկնաբանություններից, իսկ Թուրքիայի դեսպանատունը չէր արձագանքել։