Մոսկվան Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ողջունում ենք ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացի շրջանակներում ձեռք բերված զգալի առաջընթացը։ Հաշվի առնելով երկար տարիների թշնամությունը, ռազմական գործողությունները և երկու կողմերի զոհերը՝ հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելը»,- ասել է ռուս նախարարը։
Դիվանագետն ընդգծել է, որ խաղաղության հաստատման գործընթացը պահանջում է ոչ միայն կողմերի զգալի ջանքեր, այլև՝ ժամանակ։ Ըստ նրա՝ հաշվի առնելով դա՝ Մոսկվան, ի տարբերություն «արևմտյան կեղծ միջնորդների», Հայաստանին և Ադրբեջանին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել։
Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը վստահ է, որ «հապճեպ խաղաղությունն առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, առանց տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը՝ լարվածության և հակամարտության հնարավոր սրման լրացուցիչ ռիսկեր կստեղծի»:
«Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում ամուր խաղաղությամբ և կայունությամբ»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նոյեմբերի 5-ին դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Մոսկվան ամեն ինչ անում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու համար։ ՌԴ նախագահը ողջունել էր այն փաստը, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են Կազանում և «օգտակար զրույց ունեցել տարածաշրջանում կայուն խաղաղության և ազգամիջյան ներդաշնակության հասնելու հիմնարար հարցերի շուրջ»։