«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունն առաջադրել է ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուներ, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը
«Վարչությունը որոշել է կառավարությանն առաջարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու և ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը՝ որպես ԲԴԽ անդամի թեկնածու»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կուսակցության վարչության նիստը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր։
Հոկտեմբերի 31-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ ՔՊ-ում ՀԾԿՀ նախագահի պաշտոնում քննարկում են մի քանի թեկնածուի։
Հոկտեմբերի 10-ին ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ չբացահայտելով պատճառը։ Բաղրամյանը ՀԾԿՀ ղեկավարի պաշտոնն զբաղեցնում էր 2019 թվականի ապրիլից։
Փաստաբան Սիրունյանի անունն Արդարադատության նախարարի թեկնածուների ցանկում էր։