Անկարայի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո հարաբերությունները կկարգավորվեն, հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև [խաղաղության] պայմանագրի ստորագրումից հետո»,- ասել է նա «Թուրքիա» թերթին։
Նրա խոսքով, Անկարան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը համարում է Հարավային Կովկասում կայունության ապահովման կարևոր տարր։
«Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրանց։ Սահմանի վերաբերյալ վերջին որոշումները այս առաջընթացի լավ օրինակ են»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Ռուբինյանն ու Քըլըչը մինչ այդ չորս հանդիպում էին ունեցել։ 5-րդ հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին՝ երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Չորրորդ հանդիպմանը, որը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին, պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Քըլըչը, սակայն, 2023-ի մարտի 2-ին հայտարարել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Ռուբինյանը հունիսի 11-ին հայտնել էր, որ նշված պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։
2024-ի օգոստոսի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել էր, որ հայ-թուրքական սահմանի բացելու նախապայմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան։ Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը շահագործման կհանձնվի 2 ամսից։