ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է, որ կաշխատի «պատերազմները դադարեցնելու» ուղղությամբ, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Չեմ պատրաստվում պատերազմ սկսել, մտադիր եմ դադարեցնել պատերազմները»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում:
«Ցանկանում ենք ունենալ ուժեղ զինված ուժեր, բայց ստիպված չենք լինի օգտագործել դրանք։ Ինչպես գիտեք, չորս տարի (Թրամփի իշխանության օրոք-խմբ․), մենք պատերազմներ չենք վարել»,- ասել է նա։
Իր ընթացիկ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս խոստացել է, որ եթե հաղթի նախագահական ընտրություններում, կկարգավորի ուկրաինական հակամարտությունը մինչև իր երդմնակալությունը՝ հունվարի 20-ին։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 78 միլիոն ամերիկացի․ շուրջ 42,6 մլն-ն անձամբ էր այցելել ընտրատեղամաս, մոտ 35,3 մլն-ը քվեարկել էր փոստային տարբերակով։