Ֆրանսիայի և Ղազախստանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման համար, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Տոկաևի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում նրանք լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանը` հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին Մակրոնի հետ քննարկել էր հայ-ադրբեջանական բանակցությունները։ Հոկտեմբերի 15-ին Տոկաևը հայտարարել էր, որ պատրաստ է կրկին տրամադրել Ալմաթի հարթակն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։