Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կմասնակցի ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ հանդիպմանը, հաղորդում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի անվտանգության խորհրդի աշխատակազմին:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը, ԱՊՀ տարածքում մարտահրավերների և սպառնալիքների դեմ հակազդեցությունը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանմանն ուղղված միջոցառումները:
Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ: Հանդիպմանը կմասնակցեն ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: