Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի կարողանալու քվորում ապահովել նոյեմբերի 8-ին հրավիրված համայնքի ղեկավարի արտահերթ նիստին, News.am-ին հայտնել է ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ՀՀԿ խմբակցությունը չի մասնակցելու այդ նիստին:
«ՔՊ-ն 33 մանդատից 11-ն ունի, ինչը թույլ է տալիս նիստ հրավիրել, բայց գումարման համար 17 ավագանու անդամի ներկայություն է անհրաժեշտ: ՔՊ-ի համար պետք է ևս 6 մանդատ, որ կարողանան նիստ գումարել, բայց չեն կարողանալու քվորում ապահովել»,-ասել է նա:
Ավագանու ներկայացուցիչը կարծում է, որ նմանատիպ իրավիճակում ճիշտն արատահերթ ընտրությունների գնալն է, ոչ թե ՔՊ-ի օրակարգով շարժվելը:
«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը լրատվամիջոցին հայտնել է, որ իրենց խմբակցությունը ևս չի մասնակցելու արտահերթ նիստին:
Հոկտեմբերի 28-ին Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ իշխող «Բալասանյան» դաշինքը վայր էր դրել իր 14 մանդատները։
Սամսոնյանը Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության քաղաքապետի թեկնածուն էր։ Նա քաղաքապետ էր դարձել 2021 թվականի նոյեմբերին։ Սամսոնյանի թեկնածությունը պաշտպանել էին «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները:
Հոկտեմբերի 16-ին Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ իրավապահները Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում են կայացրել։ Ըստ աղբյուրի՝ Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ Գործով մեղադրյալ է նաև նախկին քաղաքապետի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։
Հոկտեմբերի 11-ին Armlur.am-ը հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից իրավապահները բերման էին ենթարկել նախկին քաղաքապետի որդուն և տարել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունն Armenia Today-ին հայտնել էր, որ իրենց մոտ նման դատական գործ առկա չէ։