ՀՀ կառավարությունը նոյեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց նախագծին, որով կիրականացվի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածին ներդրումային ծրագրով նախատեսում են 4․7 կմ երկարությամբ 27 կամուրջ կառուցել։
Նախարարի խոսքով՝ ծրագրով կկառուցվի Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի 27․12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատվածը, 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատվածը և 24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատվածը։
«Նախատեսում ենք նաև 12․5 կմ երկարությամբ երկարությամբ 9 թունել կառուցել, որոնցից ամենաերկարը կլինի 8․6 կմ։ Նախագծով կունենանք «կանանչ կամուրջներ»», որոնք կապահովեն կենդանիների միգրացիոն անխափան հոսքերը»,- ասել է նախարարը։
Նախագիծը կառավարությունն իրականացնելու է Եվրոպական ներդրումային բանկի, Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համաֆինանսավորմամբ։
«Ամբողջ ծրագրի ընդհանուր վարկային մասը կկազմի 708 մլն եվրո, իսկ կառավարության մասնաբաժինը կկազմի 150 մլն եվրո։ Ծրագիրը կավարտենք 2033 թվականին»,- հավելել է նախարարը։