ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը Գլխավոր դատախազություն է ներկայացրել ԱԳՆ-ի վարորդի կողմից ԱՄՆ վիզաներ տրամադրելու հնարավոր խարդախության մասին հաղորդում։
«Նախ, նա իմ վարորդը չէ, այլ Արտաքին գործերի նախարարության վարորդը, ով մինչ իմ փոխնախարար նշանակվելը աշխատել է վարչությունում։ Ինչ վերաբերում է հնարավոր ապօրինություններին, ապա սեպտեմբերի 14-ին, երբ տեղեկացել եմ հնարավոր ապօրինությունների մասին, ինքս հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն»,- լրագրողներին բացատրեց Կոստանյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումները։
Նա հավելեց, որ նախարարության աշխատակիցն աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 28-ին։ Կոստանյանը վստահություն հայտնեց, որ հանցագործության մասին Գլխավոր դատախազություն հայտնելուց հետո հանրությունը կտեղեկանա գործի վերաբերյալ իրականությանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրենց խմբագրություն են դիմել երկու քաղաքացի և հայտնել, որ ցանկացել են երկու ընտանիքով՝ 8 անձով, մեկնել ԱՄՆ:
Նրանք դիմել են «Ավա թրեվլ» տուրիստական ընկերությանը՝ Նունե Սոֆյանին, որը վստահեցրել է, որ իրենք կստանան վիզա, կմեկնեն: Ըստ քաղաքացիների, բացի բոլոր անհրաժեշտ վճարումները, նրանք վիզայի համար ևս 7 000 դոլար են վճարել ԱԳՆ-ում աշխատող վարորդ Երջանիկ Ումրշատյանին, սակայն վիզա ստանալ նրանց չի հաջողվել։