ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Բուդապեշտում կայացած հանդիպմանը քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանը շեշտել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման քայլերին:
Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը:
«Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների, վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսության ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բուդապեշտում Փաշինյանի հանդիպումներ է ունեցել նաև Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Նա «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը հանդես էր եկել ելույթով: ՀՀ վարչապետը նաև մի շարք երկրների առաջնորդների հետ Բուդապեշտում փակ քննարկման էր մասնակցել։
Ավելի վաղ Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ պետք է ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա կառուցելու համար։
Հոկտեմբերի 29-ին վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Փաշինյանը նոյեմբերի 7-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին։