«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ վեճի ընթացքում իր դրսևորած վարքի համար չպետք է անպատիժ մնա, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«ՔՊ ներքին զրույցների թեման շարունակում է մնալ Քյարամյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը, թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ փակ նիստում սաստել է կուսակիցներին՝ հորդորելով այլևս չխոսել հայտնի լսումներից ու Քյարամյանին պատժելուց»,- ասված է հրապարակման մեջ։
«Հրապարակ» նոյեմբերի 7-ին գրել էր, որ կառավարությունն ԱԺ է ուղարկել օրենքների փաթեթ, որով սահմանվում են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների ղեկավարներին ու նրանց տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգեր։
Հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։
«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ նրանց վեճի պատճառն այն քրեական գործն է, որով անցնում է Աղազարյանի որդին։ Խոսքն «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ հարուցված գործի մասին էր։
Հոկտեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ միջադեպերի հետ կապված «կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։ Հոկտեմբերի 28-ին Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ էր նախաձեռնվել։