ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր ժողովի 41-րդ շրջանի ընտրություններում հաղթել է ամերիկահայ քաղաքական գործիչ Ջոն Հայրապետյանը, տեղեկանում ենք Լոս Անջելեսի շրջանի քարտուղարության կայքից։
Նա հավաքել է ձայների 64,41%-ը, իսկ նրա հակառակորդ, Հանրապետական կուսակցության թեկնածու Միշել Դել Ռոսարիո Մարտինեսն ստացել է ձայների 35,59%-ը:
«Մենք պայքարում ենք գերազանց դպրոցների, արժանապատիվ աշխատատեղերի, ուժեղ և փոքր բիզնեսի, որակյալ առողջապահության և անվտանգ թաղամասերի համար: Ես խորապես երախտապարտ եմ այս շրջանի յուրաքանչյուր համայնքի ընտրողներին և ավելի քան երբևէ լավատեսորեն եմ տրամադրված ապագայի նկատմամբ»,- ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է Հայրապետյանը:
Հայրապետյանը ծնվել և մեծացել է Սիեռա Մադրե քաղաքում։ 2012-ին ընտրվել է Սիեռա Մադրե քաղաքային խորհրդի կազմում, վերընտրվել 2016-ին և երկու անգամ զբաղեցրել քաղաքապետի պաշտոնը: Համակարգել է տարածաշրջանի շրջակա միջավայրի պաշտպանության, բնական ռեսուրսների պահպանման, անօթևանների նվազեցման և քաղաքային ծառայությունների բարելավման ուղղությունները։ Նախաձեռնել է արևային էներգիայի օգտագործման նորարարական նախագիծ, որն այժմ սպասարկում է Սիեռա Մադրեի բնակիչներին։ Նա դարձել է Clean Power Alliance-ի տնօրենների խորհրդի հիմնադիրներից մեկը: 2020թ․ Լոս Անջելեսի շրջանի դեմոկրատական կուսակցությունը Հայրապետյանին Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովի «տարվա դեմոկրատ» է ճանաչել։