Գյումրիի ավագանու՝ քաղաքապետի ընտրության նիստը քվորում չլինելու պատճառով տապալվել է, հայտնել է 24news.am-ը։
Կայքի տեղեկություններով՝ ավագանու նիստին ներկաները քվորում ապահովելու համար սպասել են 30 րոպե, որից հետո «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Արթուր Պապիկյանը հայտարարել է, որ ավագանու 11 անդամ կա, սակայն քվորում չկա, և նիստը համարվում է չկայացած։
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև Բալասանյան դաշինքի ավագանու անդամները։ Հոկտեմբերի 24-ին ՔՊ-ն, որը մեծությամբ երկրորդն է Գյումրու ավագանիում «Բալասանյան» դաշինքից հետո, հայտարարել էր, որ պատրաստվում է արտահերթ ընտրությունների և արդեն ունի քաղաքապետի թեկնածու։
Հոկտեմբերի 29-ին «Ժողովուրդ»-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, որը նախկինում զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը: