ԱՄՆ նախագահական ընտրություններում 47-րդ նախագահ ընտրված, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո երկրի արտաքին քաղաքականության մասին պատկերացում կարող ենք կազմել 2025-ի փետրվար-մարտ ամիսներին, երբ վերջնականապես կձևավորվի նոր նախագահի թիմը, Armenia Today-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նա այսպես է պատասխանել հայ-ադրբեջանական գործընթացների, Հայաստան-ԱՄՆ, ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա Թրամփի հաղթանակի ազդեցության վերաբերյալ հարցին։
«ԱՄՆ արտաքին քաղաքականության դիրքորոշման մասին պատկերացում կկազմենք միայն փետրվար-մարտ ամիսներին, երբ պարզ կլինի, թե ովքեր են նշանակվել ԱՄՆ պետքարտուղարի, Պաշտպանության նախարարության, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոններում։ Այդ գործընթացը նախատեսված է մոտավորապես 2025-ի փետրվարին։ Նրանք նշանակվելու են Սենատի կողմից՝ նախագահի առաջարկությամբ։ Սենատում դեմոկրատները հարցեր են ուղղելու, թե ո՞րն է լինելու իրենց քաղաքականությունը հստակ ուղղություններում։ Միայն այդ գործընթացից հետո կարող ենք որոշակի հստակություն ունենալ ԱՄՆ արտաքին քաղաքականության մասով։ Մինչև այդ ոչ ոք չի կարող ասել, թե Թրամփի հաղթանակը հայ-ադրբեջանական գործընթացներում ինչ զարգացումներ կբերի։ Խոսքը նաև Հայաստանի, Իրանի, Թուրքիայի հետ հարաբերություններում ԱՄՆ արտաքին քաղաքականության հստակության մասին է, ինչը պարզ կլինի միայն այդ 4 պաշտոնյաների նշանակումներից հետո»,- ասել է Բադալյանը։
Նրա խոսքով՝ ճիշտ չէ հիմք ընդունել Թրամփի նախագահության նախորդ ժամանակահատվածը։
«Չենք կարող հիմնվել կառավարման նախորդ արդյունքների և այս նախընտական շրջանում իր հայտարարությունների վրա։ 2016-2020 թվականններին Թրամփի կատարած աշխատանքը չի կարելի նույնականացնել ներկայիս ժամանակահատվածի հետ։ Այն ժամանակ ուրիշ աշխարհ և այլ իրավիճակ էր, իսկ 2022-ից, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, բոլորովին այլ իրողություն է։ Պետք է հաշվի առնել նաև, որ Թրամփը նախագահ է դառնում ամբողջովին նոր թիմով, որին, այնպես չէ, որ իր ցանկությամբ է ընտրելու։ Թրամփի թիկունքին կան ուժեր, որոնք նրան նախագահ դարձրեցին։ Բացի այդ, ԱՄՆ-ի՝ այդ խորքային պետության արտաքին քաղաքականության հայեցակարգը դեռ հրապարակված չէ»,- ընդգծել է նա։
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ քարոզարշավի ժամանակ հնչեցրած մտքերը ևս չափանիշ չեն։
«Նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հնչեցրած մտքերը պետք է դիտարկել բացառապես այդ համատեքստում։ Այսինքն՝ այդ հայտարարությունները միայն լրացուցիչ ձայներ ստանալու համար են, և կարող են իրականության հետ կապ չունենալ։ Օրինակ՝ ԱՄՆ նախագահի թեկնածուները միշտ Ցեղասպանությունը ճանաչելու մասին են հայտարարել, բայց երբ դարձել են նախագահ, օգտագործել են «Մեծ եղեռն» եզրույթը։ Բացառություն էր Բայդենը, որը Ցեղասպանություն բառն օգտագործեց այն ժամանակ, երբ դա ոչ ոքի պետք չէր»,- շեշտել է քաղտեխնոլոգը։
Բադալյանի դիտարկմամբ՝ կանխատեսումների դաշտում է նաև Թրամփի հնարավոր քաղաքականությունն Իրանի հարցում։
«Թրամփը և, առհասարակ, հանրապաետականներն ընդհարապես միշտ պրոիսրայելական դիրքորոշում են ունեցել։ Բայց դժվար է ասել, թե ԱՄՆ-Իսրայել դաշինքն արդյոք դուրս կգա՞ Իրան-Չինաստան դաշինքի դեմ։ Հարց է նաև, թե ԱՄՆ-ն կպաշտպանի՞ Իսրայելին Իրանին հարվածներ հասցնելու հարցում։ Չի բացառվում, որ Թրամփը զիջումների գնա, քանի որ եկել է ԱՄՆ-ի՝ իրավիճակը փրկելու համար․ ԱՄՆ տնտեսությունը վատ վիճակում է, կա նաև անօրինական ներգաղթյալների աճ»,- հավելել է նա։
Քաղտեխնոլոգն անդրադարձել է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների վրա ՀՀ իշխանությունների և հանրապետականների հետ ոչ սերտ կապերի հնարավոր ազդեցությանը։
«Հայաստանի իշխանությունները դեմոկրատների, գլոբալիստերի խամաճիկներն են և իրենց քաղաքականությունն են իրականացնում։ Բնականաբար, դեմոկրատներն ու գլոբալիստները թույլ չէին տալու, որ Հայաստանի իշխանությունները հանրապետականների հետ ինչ-որ կապեր ունենան։ Իրականում՝ ԱՄՆ-ն չի առանջնորդվում զգացմունքային բաղադրիչով, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ Թրամփն իրենից նեղանա։ Նա ո՛չ Պուտինն է, ո՛չ Մակրոնը, ո՛չ Էրդողանը։ Այդ տեսանկյունից, եթե անհրաժեշտ լինի ՀՀ իշխանությունների միջոցով ինչ-որ գործողություններ իրականացնել, կիրականացնեն։ Եթե հարմար գտնեն, որ պետք է փոխեն ՀՀ իշխանություններին, կփոխեն»,- եզրափակել է Բադալյանը։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը նախնական արդյունքներով ստացել է 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։
Նոյեմբերի 6-ին Բայդենը շնորհավորել էր Թրամփին և նրան հրավիրել Սպիտակ տուն՝ քննարկելու պաշտոնի փոխանցումը: Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել էին ՀՀ վարչապետը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և քաղաքական այլ գործիչներ։
Աննա Բադալյան