Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արևմտյան երկրներին մեղադրել է Հայաստանին նոր պատերազմի դրդելու մեջ։ Այդ մասին նա հայտարարել է, այսպես կոչված, «Հաղթանակի օրվա» կապակցությամբ ադրբեջանական ժողովրդին ուղղված ուղերձում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ալիևն այս երկրների ղեկավարությանն անվանել է իսլամաֆոբ և ադրբեջանաֆոբ՝ չհստակեցնելով, թե որ երկրների մասին է խոսքը։ Նրա խոսքով՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի արդյունքները բավարար են, որպեսզի «Հայաստանը ճիշտ քայլեր ձեռնարկի»։
Ալիևը նաև Երևանին կոչ է արել հրաժարվել սպառազինության քաղաքականությունից։ Նա վստահեցրել է, որ Բաքուն պատերազմ չի ցանկանում և իրենք «ստեղծագործ աշխատանքով են զբաղված»։
Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցից հետո Հայաստանին մեղադրել էր լայնածավալ սպառազինության մեջ։ Սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն հայտարարել էր, որ Փարիզը մտադիր է շարունակել համագործակցությունը Երևանի հետ պաշտպանության ոլորտում՝ առանց իրավիճակը սրելու մտադրության։