Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին Արդարադատության նախարարությունում տեղի ունեցած դռնփակ խորհրդակցության ժամանակ կուսակիցներին վստահեցրել է, որ չի ստիպել Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանին հրաժարական տալ, գրում է «Ժողովուրդ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը հասկացրել է, որ իրեն «դուր չի եկել» Մինասյանի հրաժարականը։
«ՔՊ-ում հիմա տարակուսած են. ստացվում է՝ Փաշինյանը թեև իր նախաձեռնությամբ վերջին պահին Սրբուհի Գալյանին նշանակեց նախարար, բայց դեռ Մինասյանի գովքն է անում»,- գրում է լրատվամիջոցը։
«Քաղաքացիական պայմանագիրը» չի բացառել, որ Գալյանը նույնպես ցանկացած պահի կարող է դադարել «հաճելի» լինել Փաշինյանին, և նա նույնպես կարող է ազատվել աշխատանքից։ Արդարադատության նախարարության նախկին ղեկավարը հրաժարվել է թերթին մեկնաբանել իր նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքի մասին լուրերը։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել Մինասյանի հրաժարականի պահանջով։ Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել նախարարին:
ՔՊ կուսակցության վարչությունը հոկտեմբերի 22-ի նիստում երկրորդ անգամ Արդարադատության նախարարի թեկնածու չէր ընտրել, թեպետ ՔՊ խմբակցության պատգամավոր, նախարարի թեկնածու Արմեն Խաչատրյանն Armenia Today-ին չէր բացառել, որ նախարարի նշանակման հարցը կարող է լուծվել հոկտեմբերի 22-ի երեկոյան։ Հոկտեմբերի 23-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Արդարադատության նախարարի նախընտրելի թեկնածու դեռ չկա։
Հոկտեմբերի 29-ին ՔՊ-ն Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել էր Գալյանի թեկնածությունը։ Նոյեմբերի 5-ին Գալյանը նշանակվել էր Արդարադատության նախարարի պաշտոնում։