Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին (COP29) մասնակցելու համար մի քանի ներկայացուցչի է գրանցել, սակայն նրանք չեն մասնակցում, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։
Նա Երևանի՝ COP29-ին չմասնակցելու որոշումը «բաց թողնված հնարավորություն» է անվանել։
COP29-ը Բաքվում մեկնարկել է նոյեմբերի 11-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 22-ը։
Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը նոյեմբերի 11-ին լրագրողներին ասել էր, որ «ՀՀ-ի մասնակցությունը կախված է բանակցային գործընթացի դինամիկայից»։
Հուլիսի 23-ին ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայերին կոչ էր արել համաշխարհային շարժում սկսել COP29-ին ընդառաջ՝ պահանջելով Ադրբեջանի բանտերից ազատել հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29-ը համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ Դեկտեմբերի 18-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։