Երևանն ու Բաքուն դեկտեմբերին կշարունակեն խաղաղության պայմանագրի քննարկումը, ՏԱՍՍ-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա դրական է գնահատել Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
«Կազանում շատ արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել,մտադիր ենք շարունակել բանակցությունները՝ հիմնված այդ ազդակների վրա»,- ասել է նա։
Ըստ Հաջիևի՝ Ալիևն ասել է, որ Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ վերջնական համաձայնության գալուն և կշարունակեն բանակցությունները ՄԱԿ-ի կլիմայի COP-29-ը համաժողովից հետո։
Հոկտեմբերի 24-ին Կազանում՝ ԲՐԻԿՍ+ 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Մինչ երկկողմ հանդիպումը՝ Փաշինյանը և Ալիևը զրույց էին ունեցել, որի ընթացքում նրանց էին միացել երկու երկրների արտգործնախարարները։