Գյումրիում ընդդիմադիր քաղաքական ուժերը մտավախություն ունեն, որ ՔՊ-ն ուզում է կրկնել Երևանի ավագանու ընտրությունների փորձը և քաղաքի կառավարումն իրականացնել Արամ Սարգսյանի «Հանրապետություն» և Դոգի ղեկավարած «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունների հետ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ թեպետ նախնական հաշվարկով Գյումրիում արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 29-ին, սակայն տեղի քաղաքական դաշտում ընտրություններին մասնակցելու որոշման հարցում դեռ չեն շտապում։
«Մի քանի կուսակցության ներկայացուցիչ վերջին օրերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ կոնսուլտացիաներ են իրականացնում, նրան համոզում են առաջադրվել, սակայն պատգամավորը մերժում է։ Բանն այն է, որ իշխանությունն անակնկալի է բերել ընդդիմադիր դաշտին, և պոտենցիալ թեկնածուները կարծում են, որ նորմալ պատրաստվելու ժամանակ չկա, իսկ հապճեպ ընտրություններում հնարավոր չէ հաղթանակ տանել»,- հավելել է թերթը։
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։
Հոկտեմբերի 16-ին Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ իրավապահները Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում են կայացրել։ Ըստ աղբյուրի՝ Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ Գործով մեղադրյալ է նաև նախկին քաղաքապետի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։
Հոկտեմբերի 11-ին Armlur.am-ը հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից իրավապահները բերման էին ենթարկել նախկին քաղաքապետի որդուն և տարել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունն Armenia Today-ին հայտնել էր, որ իրենց մոտ նման դատական գործ առկա չէ։
Հոկտեմբերի 24-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել էր, որ իշխանությունը Գյումրիում պատրաստվում է արտահերթ ընտրությունների, և թեկնածուի հարցը հստակեցրել են։
Հոկտեբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գյումրիի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն իշխող ուժի պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։