ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում սենատոր Մարկո Ռուբիոյին առաջադրելու իր որոշման մասին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Մարկոն կլինի մեր ժողովրդի ամուր պաշտպանը, մեր դաշնակիցների հավատարիմ ընկերը և անվախ մարտիկ, ով երբեք չի զիջի մեր հակառակորդներին»,- նշվում է տեքստում։
Ռուբիոն պաշտպանում է Թրամփի ընդհանուր դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։ Նա Սենատի 15 հանրապետականներից էր, ովքեր դեմ էին քվեարկել Ուկրաինային 61 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթին, որն ընդունվել էր 2024 թվականի ապրիլին։ Սեպտեմբերին Ռուբիոն ասել էր, որ չի անցնում Ռուսաստանի կողմը, սակայն նշել էր, որ «իրականությունն այն է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի բանակցությունների միջոցով»: Նրա կարծիքով՝ դիվանագիտական կարգավորումը հակամարտության ամենահավանական արդյունքն է։
Ռուբիոն կարող է փոխարինել Էնթոնի Բլինքենին, որն առանցքային դեր է խաղացել Ուկրաինայի հետ ԱՄՆ հարաբերություններում հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմում։ Հենց Բլինքենը Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի հետ սեպտեմբերին Վլադիմիր Զելենսկիից մանրամասն հիմնավորում էր ստացել արևմտյան հրթիռների միջոցով Ռուսաստանում թիրախներին հարվածելու անհրաժեշտության մասին։ Բլինքենը նաև բազմաթիվ այցելություններ է կատարել Կիև։ Սպասվում է, որ Ռուբիոն ավելի զուսպ մոտեցում կցուցաբերի՝ համահունչ Թրամփի մոտեցմանը:
Ապագա նախագահի առաջարկած թեկնածուների հաստատման կարգը, այդ թվում՝ Պետքարտուղարի պաշտոնի համար, պահանջում է Սենատի հաստատումը: Առաջադրումից հետո վերին պալատի համապատասխան հանձնաժողովում կանցկացվեն լսումներ, որտեղ օրենսդիրները կքննարկեն դիմողի որակավորումներն ու պաշտոնները։ Այնուհետև առաջադրումը կներկայացվի Սենատի հաստատմանը, կպահանջվի ձայների պարզ մեծամասնություն:
Նշենք, որ ANCA-ն ողջունել է Ռուբիոյի թեկնածությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։
«Սենատոր Ռուբիոն ANCA-ի կողմից ստացել է “Ա+” գնահատականը ՝ արցախահայության դեմ իր հանցագործությունների և Ալիևի ռեժիմին ԱՄՆ-ի ռազմական օգնությունն արգելափակելու համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր վճռական մոտեցման համար»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։