Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ ՀՀ չի կարող գոյություն ունենալ, և սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է, ԱԺ-ում «Բյուջե-2025»-ի քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, որ այդ «սարսափելի եզրակացությանը» հանգել է վերջին տարիներին տասնյակ անգամ հռչակագիրը վերընթերցելու արդյունքում։
«Եվ հիմա հարցը, թե ո՞րն է իրական Հայաստանը, հետևյալն է․ իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այսեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև, շատ ճիշտ դիտարկում էր, նա փնտրել-փնտրել-փնտրել-փնտրել է և գտել իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է նա՝ ցույց է տալով ՀՀ քարտեզը։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանում պատմական Հայաստանը նորաձև է, քանի որ 30 տարեկան երիտասարդը կարող է ասել՝ ես սասունցի եմ։
«Գնում ես ուրիշ տեղ, մեկն ասում է՝ ես մշեցի եմ, հինգերորդն ասում է՝ ես վանեցի եմ, յոթերորդն ասում է՝ խոյեցի եմ, ութերորդն ասում է՝ իգդիրցի եմ։ Շա՛տ լավ, շա՛տ լավ, բայց ուզում եմ հասկանալ՝ բա դիլիջացին ո՞վ է այս երկրում, բա երևանցի՞ն, աշտարակցի՞ն։ Դեմ չեմ դրան, բայց, ամենայն հարգանքով, ուզենամ էլ՝ չեմ կարող լինել ո՛չ մշեցի, ո՛չ վանեցի, որովհետև ես իջևանցի եմ, հայաստանցի եմ, ես այդպիսի ապազգային տարր եմ»,- նշել է նա։
Ըստ Փաշինյանի՝ ինչքան էլ արխիվները քանդեն, Ենոքավանից այն կողմ չի կարողանում գնալ։ Վարչապետի խոսքով՝ «մենք չենք հասկանում մի պարզ բան, որ երբ Դիլիջանում ապրում ենք, ասում ենք՝ վանեցի եմ, Դիլիջանը կորցնում ենք»։
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հուլիսի 17-ին նիստ էր հրավիրել։ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն՝ գործող խորհրդարանական կառավարման ձևի պահպանմամբ։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ասել էր, որ Բաքուն Հայաստանի սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի դրույթը խնդիր է համարում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն փետրվարի 19-ին Հայաստանից պահանջել էր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հանել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ արտացոլված պահանջները»։
Օգոստոսի 23-ին փաստաթղթի ընդունման 34-րդ տարեդարձի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում Փաշինյանը Հայաստանի Անկախության հռչակագրի և Սահմանադրության բովանդակության մեջ տեսել էր անհամապատասխանություն։
Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից և հռչակել պետության ինքնիշխանությունը Խորհրդային Միությունից։ Խորհրդային հանրապետություններից Հայաստանն առաջինն էր, որ ընդունեց Անկախության հռչակագիրը, որը ճանապարհ բացեց Հայկական ԽՍՀ-ի համար Միությունից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու համար։