Ընդդիմադիր հավաքներին անձանց մասնակցության համար նյութապես շահագրգռելու մեջ մեղադրվող ՀՅԴ Վայոց ձորի մարզի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանն արդարացվել է, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա մանրամասնել է, որ Հովհաննիսյանը հինգ ամիս ենթարկվել է քրեաքաղաքական հետապնդման, մեկ ամիս գտնվել է բանտային կալանքում, երեք ամիս՝ տնային կալանքում։
Փաստաբանը հավելել է, որ իշխանությանը պահանջներ են ներկայացնելու պատճառված վնասի փոխհատուցման և հրապարակային ներողություն խնդրելու համար։
Հունիսի 15-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում՝ 2 կին։ Նույն օրը Քննչական կոմիտեն հայտնել էր Երևանում և մարզերում բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին կաշառք տալու կասկածանքով 11 անձի բերման ենթարկելու մասին։
Հունիսի 14-ին ՀՅԴ-ն հայտնել էր կուսակցության մարզային կառույցների խուզարկությունների և ղեկավար կազմի ձերբակալության մասին։