Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածու Կարեն Սարուխանյանին հանձնարարել է արյան անալիզ հանձնել ու ապացուցել, որ թմրանյութ չի օգտագործում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանն այդ հանձնարարությունը տվել է հոկտեմբերի 12-ին կուսակցության վարչության նիստի ժամանակ, իսկ պատճառը Սարուխանյանի քեռու որդու՝ Վարուժ Խոջումյանի ձերբակալությունն է։
«Օրերս Գյումրիում ձերբակալվել էին ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռորդին և ավագանու ՔՊ-ական անդամը, որոնց կասկածում էին թմրանյութ օգտագործելու մեջ։ Ձերբակալության օրը Սարուխանյանը նրանց հետ է եղել, բայց պատգամավորի անձեռնմխելիությունը փրկել է և իրեն չեն կարողացել բաժին տանել։ Փաշինյանը Սարուխանյանին հանձնարարել է արյան անալիզ հանձնել՝ ապացուցելու, որ ինքն էլ քեռու որդու պես թմրանյութ չի օգտագործում»,- հավելել է թերթը։
Սարուխանյանը արյան անալիզ հանձնելու հանձնարարականի լուրը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է թերթին։
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։
Հոկտեմբերի 24-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել էր, որ իշխանությունը Գյումրիում պատրաստվում է արտահերթ ընտրությունների, և թեկնածուի հարցը հստակեցրել են։
Հոկտեբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն Սարուխանյանն է։