ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննադատել է դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։
«Ես կարող եմ համբերել՝ մեկ տարի, երկու, երեք, չորս․․․։ Դատական, իրավական, ուժային համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է։ Ես ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ՝ սրա վերջը եկել է։ Սա չի կարող շարունակվել, ես այլևս կայացնելու եմ որոշումներ։ Ես չեմ միջամտել ոչ մի բանի, չեմ մտել որևէ մեկի գործի մեջ»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհում են կոռուպցիայից և հանցագործություններից։
«Գնամ, մտնեմ գյուղ, մարդիկ նույն բաներից կխոսեն՝ այն ժամանակ բոլորը վախենում էին իրարից, հիմա էլ են վախենում։ Ես չեմ ուզում հասնենք նրան, որ նորից գնանք, շենքեր շրջափակենք, այս խնդիրը պետք է լուծվի»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրեց, որ վերջին 3-4 տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ բարձրացրել է կոռուպցիոներների անպատժելիության խնդիրը և ընդգծել, որ ուժայինները չեն կատարում իրենց պարտականությունները։ «Երեք-չորս տարի առաջ ասել էի, որ կոռուպցիոներները կամ, առնվազն, հանրային կարծիքի համոզմամբ պատասխանատվության ենթակա մարդիկ սրճարաններում ու ռեստորաններում առավոտից երեկո քեֆ են անում, այսօր էլ են անում»,- նշել է նա։
«Հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն եմ սխալ անում, ի՞նչ չենք տվել մեր իրավապահ համակարգին։ Այդ նույն մարդիկ, ովքեր հանրապետությունում ճռիկներ-վռիկներ էին անում, նույն բանն անում են։ Նրանք, ովքեր մյուսներին վերևից էին նայում, նույն բանն անում են։ Սա չի՛ կարող շարունակվել»,- հավելել է նա։
Վարչապետն ասել է, որ ուժային համակարգի զարգացման համար կառավարությունը ոչինչ չի խնայել, և ինքն ինքն արել է առավելագույնը, սակայն ուժային կառույցները չեն կատարել իրենց առջև դրված խնդիրը։
«Ո՞վ է ում ձեռք առնում՝ ուզում եմ հասկանալ, այս ամենի վերջը եկել է, ուղիղ ասում եմ, որովհետև էլ բան չունեմ տալու։ Այն, ինչ ինձանից ուզել եք, տվել եմ. չեմ միջամտել, չեմ մտել որևէ մեկի գործի մեջ։ Ստացվում է՝ ուժային կառույցները թույլ են։ Այս թեմայով այլևս խորհրդակցություններ չեմ անցկացնելու, կայացնելու եմ որոշումներ։ Ինձ այլևս ոչինչ չի հետաքրքրում։ Չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, թե վարչապետն ասաց ու գնաց, չի կարող նման բան լինել»,- ընդգծել է երկրի ղեկավարը։
Նա նշել է, որ չի կարող մանրամասների մեջ մտնել, տալիս է գաղափարական հայեցակարգային քաղաքական ուղղություն, իսկ ամբողջ պետական կառավարման համակարգը պետք է «դասավորվի դրա տակ»։
Նա հավելել է, որ ընդդիմությունը շարունակ հիշեցնում է տարբեր ժամանակաշրջանում իշխանության տված խոստումների մասին։
«Իշխանությունից մեկը չի եկել, ասի՝ գիտեք, այս թվին այսինչ բանն ես ասել, հիմա իրականացրել եմ։ Այդպիսի եզակի դեպք չկա»,- եզրափակել է վարչապետը։