Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են հետաքրքրությունը ռազմավարական գործընկերության զարգացման նկատմամբ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի նախագահի՝ 2024 թվականի օգոստոսին Ադրբեջան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում, ինչպես նաև՝ հաշվի առնելով Բաքվում վարչապետ Միխայիլ Միշուստինի վերջին շփումները, քննարկվել են արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացման հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչության տվյալներով՝ հաստատվել է նաև փոխադարձ հետաքրքրություն ռուս-ադրբեջանական դաշինքի հետագա համակողմանի զարգացման նկատմամբ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով։
Նոյեմբերի 5-ին Պուտինը հայտարարել էր, որ կշարունակի ամեն ինչ անել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու համար։ Նոյեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ Բաքվում՝ ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին (COP29) Ռուսաստանը կներկայացնի Միշուստինը։ Օգոստոսի 28-ին Պուտինը և Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանագծման և սահմանազատման, երկու պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։
Օգոստոսի 19-ին Պուտինն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հայտնել էր Հարավային Կովկասում անդրսահմանային ճանապարհների բացմանն աջակցելու պատրաստակամության մասին։
Պուտինը պետական այցով Բաքվում էր օգոստոսի 18-19-ը։ Նա Ալիևի հետ քննարկել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Ալիևը Հարավային Կովկասի անվտանգությունը կապել էր ՌԴ-ի և Ադրբեջանի համագործակցության հետ։