ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող լրագրողների կողմից Բաքվում հետապնդումների է ենթարկվել, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)՝ տեղեկացնելով, որ նա Բաքու էր ժամանել մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին (COP29)։
«Բաքվում Փալոնեն ենթարկվել է ադրբեջանցի քարոզիչների հարձակումներին՝ արցախահայությանը սատարելու համար։ Կոնգրեսական Փալոնեն զբաղեցնում է էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովի ավագ անդամի պաշտոնը: Ռեժիմի խամաճիկների կողմից նրա հետապնդումը ցույց է տալիս, թե որքան անլուրջ է այս գագաթնաժողովը։ COP29-ը կրկես է»,- X-ում գրել է ANCA-ի հաղորդակցության տնօրեն Ալեքս Գալիցկին։
Փալոնեիխոսքով՝ ինքը մեկնել է Ադրբեջան, որպեսզի աշխարհին ցույց տա, որ ԱՄՆ-ն դեռևս պայքարում է կլիմայական փոփոխությունների ոլորտում:
«Մենք չենք հրաժարվի կլիմայի վատթարացող ճգնաժամի դեմ պայքարում մեր պարտավորություններից»,- գրել է նա X-ում:
Նոյեմբերի 16-ին Բաքու ժամանելուց հետո Փալոնեին շրջապատել են իշխանամետ լրագրողները և սկսել են հարցեր տալ, որոնք կապված չէին կլիմայական օրակարգի հետ:
«Փալոնե՛, ներողություն խնդրիր կամ հեռացիր» պաստառներով ցուցարարները պահանջել են նրա արտաքսումը, իսկ ադրբեջանական ոստիկանությունը, չնայած աճող ագրեսիային, չի խանգարում այդ ակցիաներին։
Գալիցկիի խոսքով՝ Փալոնեն ներառվել է Ադրբեջան մուտք գործելու անձանց սև ցուցակում, քանի որ նա Կոնգրեսի այն սակավաթիվ ներկայացուցիչներից է, որն այցելել է Արցախ:
«Բաքվում նրա ներկայության փաստն անհնազանդություն է Ալիևի ցեղասպան ռեժիմին»,- նշել է ANCA-ի հաղորդակցության գծով տնօրենը:
Փալոնեն 2019 թվականի հոկտեմբերին այցելել էր Արցախ։ Այցի նպատակը, նրա խոսքով, անվտանգության հետ կապված իրավիճակի գնահատումն էր՝ Վաշինգտոնի կողմից Ադրբեջանին ավելի քան 100 մլն դոլար ռազմական օգնություն հատկացնելու ֆոնին։ Նա Ստեփանակերտում հայտարարել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Արցախի հարցով խաղաղ գործընթացի վերսկսմանն աջակցելու ուղիների ուսումնասիրման մասին։
2023 թվականի ապրիլին Փալոնեն Արցախի շրջափակումը հայ ժողովրդի ցեղասպանության շարունակություն էր անվանել։ 2023 թվականի սեպտեմբերին նա Իլհամ Ալիևին մեղադրել էր Արցախում հայերի էթնիկ զտումները սրելու մեջ և ԱՄՆ 74 այլ կոնգրեսականի հետ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ։ Հունիսին Փալոնեն առաջարկել էր փոփոխել բյուջետային հատկացումների օրինագիծը, որով նախատեսում էին 100 մլն դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը:
Սեպտեմբերին նա միացել էր Ադրբեջանի ֆինանսական ակտիվները բռնագրավելու և դրանք «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամ» ուղարկելու առաջարկին: