Պաշտոնանկությունները, որոնց մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվել է նոյեմբերի 17-ին, շարունակություն են ունենալու, գրում է «Փաստ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին պաշտոնկություններ են սպասվում այն պետական կառույցներում, որոնց ղեկավարները հրաժարական են տվել։
«Պաշտոններից ազատվելու են երկրորդ, երրորդ շարքի պաշտոնյաներ: Ազատման դիմում է գրելու ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը, որը համարվում է հրաժարական տված Ռուստամ Բադասյանի աջ ձեռքը: Կադրային ջարդը ՊԵԿ-ում կվերաբերի Բագրատաշենի մաքսային անցակետի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Պաշտոնանկ է լինելու նաև ՆԳ նախարարության ոստիկանության ՔՈԳՎ պետ-ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, որի անունը կապվում է MG սուպերմարկետների ցանցի հետ»,- հայտնել են թերթի աղբյուրները։
Փաշինյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։ Վարչապետի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհել էին կոռուպցիայից և հանցագործություններից։
«Ո՞վ է ում ձեռք առնում՝ ուզում եմ հասկանալ, այս ամենի վերջը եկել է, ուղիղ ասում եմ, որովհետև էլ բան չունեմ տալու։ Այն, ինչ ինձանից ուզել եք, տվել եմ. չեմ միջամտել, չեմ մտել որևէ մեկի գործի մեջ։ Ստացվում է՝ ուժային կառույցները թույլ են»,- ասել էր Փաշինյանը։
ԶԼՄ-ները նոյեմբերի 17-ին հայտնել էին, որ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։
Նոյեմբերի 18-ի առավոտյան ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնել էր իր հրաժարականի մասին։ Նույն օրը՝ ավելի ուշ, Հակակոռուպցոն կոմիտեից Armenia Today-ին հաստատել էին, որ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր ՆԳ նախարարի հրաժարականի մասին, իսկ Քյարամյանն ուղերձով էր հաստատել հրաժարականը։ Իր հրաժարականը հաստատել էր նաև Սանոսյանը, ավելի ուշ՝ ՊԵԿ նախագահը։ Փաշինյանը հաստատել էր, որ պաշտոնյաներն իր խնդրանքով են հրաժարական ներկայացրել։ Նա նշել էր, որ խնդրանքը ոչ թե անձնավորված է, այլ կապված է համակարգային խնդիրներով։