Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները։
«Իմ նախաձեռնությամբ՝ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս։ Իմ քաղաքական թիմի հետ հաղթահարել ենք բավականին ծանր փորձություններ և վստահ եմ, որ իմ գործընկերները կշարունակեն պահպանել մեր հռչակած արժեքները, կշարունակեն պատվով հաղթահարել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր մարտահրավերները և իրականություն կդարձնեն մեր երազանքները»,- Facebook-ի իր էջում գրել է Զեյնալյանը։
Հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի վեճից հետո «հարցաքննության» է կանչել ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանին և պատգամավոր Զեյնալյանին։
Զեյնալյանը վիճաբանության օրը ելույթ էր ունեցել ու նշել, որ իր համար անընդունելի է Քյարամյանի պահվածքը, Աղազարյանի հետ անհարգալից տոնով խոսելը։
Նոյեմբերի 19-ին Radar Armenia-ն գրել էր, որ չճշտված տեղեկությունների համաձայն՝ Զեյնալյանը և Աղազարյանը մանդատները վայր կդնեն։
Հոկտեմբերի 15-ին Աղազարյանը և Քյարամյանը վիճաբանել էին Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։
Հոկտեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջադեպերի հետ կապված «կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։ Հոկտեմբերի 28-ին Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Աղազարյանն Armenia Today-ին տված հարցազրույցում ասել էր, որ եթե Քյարամյանն անուններ տա, ինքը մանդատը վայր կդնի։