Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ավելի քան 40 000 ստորագրություն է հավաքել ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման, հայտնել է նա ֆեյսբուքյան իր էջում։
«Երեկ 4061 քաղաքացի միացավ ստորագրահավաքին: Ընդհանուր՝ արդեն 40 531 ստորագրություն»,- գրել է Մարությանը։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծ՝ նախատեսելով հասարակական տրանսպորտով երթևեկության արժեքի բարձրացում։ Հունիսին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ համակարգը կսկսի գործել 2025 թվականի հունվարի 1-ից։ Ավագանու նոյեմբերի 19-ի որոշմամբ՝ միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո որոշ կատեգորիաների քաղաքացիների համար հասարակական տրանսպորտը կլինի անվճար։
Նոյեմբերի 3-ին Մարությանը հայտարարել էր հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու մասին։ Հանրային տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաք իրականացնում է նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքը։