Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անհամաձայնությունն ու վրդովմունքն է հայտնել Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը և ընդգծել, որ այն ուղղված է հայկական ինքնության ոչնչացմանը։
«Բառախաղերի և նենգափոխված թեզերի միջոցով իշխող կուսակցության գլխավոր դերակատարները ձեռնամուխ են եղել հայկական ինքնության և հայկական պետականության ոչնչացման գործընթացին՝ սպասարկելով թուրք-ադրբեջանական օրակարգը, այսպիսով հող նախապատրաստելով ազգովի ընդունելու վերջիններիս կողմից պարտադրվող «խաղաղությունը»»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ գործող իշխանություններն ոչնչացնում են ազգային հենասյուները, քանդում են Հայաստանի անվտանգային համակարգը, անթաքույց քայլեր են ձեռնարկում չեզոքացնելու Անկախության հռչակագրի առանցքային դրույթները:
«Դաշտ է նետվում այսպես կոչված «ռազմավարական գործարք» բովանդակազուրկ և անհիմն տեսլականը՝ պատրաստվելով նորանոր զիջումների: Կայացվում են որոշումներ, որոնք միտված են ջնջելու հայկական պատմական հիշողությունը և վերաձևելու հայի արժեքային համակարգը»,- հայտնել են դիվանագետները:
Դիվանագետները շեշտել են, որ պատմական Հայաստանին հակադրվում է հնարովի «իրական Հայաստանը», հրաժարվում են հազարամյա ազգային խորհրդանիշներից՝ Արարատը փոխարինելով Արագածով, Հայոց պատմությունը փոխարինելով «Հայաստանի պատմությամբ», նսեմացնելով Հայ եկեղեցու ազգապահպան դերը և նրա պատմությունը դուրս մղելով դպրոցական ծրագրերից։
Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է արել բոլոր քաղաքական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, մասնագիտական հանրույթներին և հայ ժողովրդին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում աներկբայորեն դատապարտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից ու արցախահայության ինքնորոշման իրավունքից հրաժարված, Հայաստանի լիակատար կապիտուլյացիան նախապատրաստող իշխանությանը և նրա կողմից տարվող քաղաքականությունը։ Նրանք նաև կոչ են արել համախմբվել հանուն «Հայաստանը հային վերադարձնելու, հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների պաշտպանության ու Հայոց արդար դատի հետապնդման»:
«Ուրացողն ու ժխտողը չի կարող իրական խաղաղության և արդար դատի ջահակիրը լինել»,- հավելել են նրանք:
Դիվանագետների համահայկական խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի նախկին արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Արա Այվազյանը, նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը և այլ մասնագետներ։
Նոյեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ համակեցության համար, բացի հաշտության պայմանագրի ստորագրումից, անհրաժեշտ է «ռազմավարական գործարք» կնքել Հայաստանի և Ադրբեջանի գոյակցության պայմանների վերաբերյալ։