Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը վայր է դրել պատգամավորական մանդատը, հայտնել է ArmLur.am-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Վիետնամում գտնվող Ալեն Սիմոնյանն այսօր զանգահարել է ՔՊ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Նարեկ Զեյնալյանին ու փոխանցել մանդատը վայր դնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջ-խնդրանքը:
Զեյնալյանն անմիջապես համաձայնել է ու գրել մանդատից հրաժարվելու դիմումը՝ իբրև սեփական նախաձեռնություն: Իսկ Աղազարյանն ասել է, որ չի պատրաստվում վայր դնել մանդատը:
Աղազարյանը, News.am-ին չի մեկնաբանել մանդատը վայր դնելու հարցը՝ նշելով «երբ (ՔՊ) վարչության որոշումն ինձ ուղարկեք՝ կմեկնաբանեմ»։
Թերթը հավելում է, որ Աղազարյանն այսօր երեկոյան կանչվել է ՔՊ վարչության նիստին: «Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բացատրել են Աղազարյանին, որ պետք է պատգամավորական մանդատից ինքնակամ հրաժարվի»,- գրում է թերթը:
Հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի վեճից հետո «հարցաքննության» էր կանչել ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանին և պատգամավոր Զեյնալյանին։
Զեյնալյանը վիճաբանության օրը ելույթ էր ունեցել ու նշել, որ իր համար անընդունելի է Քյարամյանի պահվածքը, Աղազարյանի հետ անհարգալից տոնով խոսելը։
Նոյեմբերի 19-ին Radar Armenia-ն գրել էր, որ չճշտված տեղեկությունների համաձայն՝ Զեյնալյանը և Աղազարյանը մանդատները վայր կդնեն։
Հոկտեմբերի 15-ին Աղազարյանը և Քյարամյանը վիճաբանել էին Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։
Հոկտեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջադեպերի հետ կապված «կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։ Հոկտեմբերի 28-ին Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Աղազարյանն Armenia Today-ին տված հարցազրույցում ասել էր, որ եթե Քյարամյանն անուններ տա, ինքը մանդատը վայր կդնի։