ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին պատրաստվում է նշանակել ՆԳՆ նախարարի պաշտոնում։
«Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Վահե Ղազարյանը նոյեմբերի 18-ին հրաժարական էր տվել ՆԳՆ ղեկավարի պաշտոնից, Armenia Today-ին վարչությունից հաստատել էին հրաժարականը։ Իր ուղերձում նա նշել էր, որ գերատեսչությանը, երկրի համար դժվարին փուլում գտնվող բարեփոխումների իրականացման շնորհիվ, հաջողվել է բարձրացնել քաղաքացիների վստահության մակարդակը։
Նոյեմբերի 19-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր էր ստորագրել Ղազարյանի ազատման մասին։
Փաշինյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։ Վարչապետի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհել էին կոռուպցիայից և հանցագործություններից։
Փաշինյանը որոշումներ էր ստորագրել նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես հայտարարել էր իր հրաժարականի մասին։
Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։