ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին նշանակել է ՆԳ նախարարի պաշտոնում, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին հայտարարել էր, որ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանին պատրաստվում է նշանակել ՆԳ նախարարի պաշտոնում։
Վահե Ղազարյանը նոյեմբերի 18-ին հրաժարական էր տվել ՆԳՆ ղեկավարի պաշտոնից, Armenia Today-ին վարչությունից հաստատել էին հրաժարականը։ Իր ուղերձում նա նշել էր, որ գերատեսչությանը, երկրի համար դժվարին փուլում գտնվող բարեփոխումների իրականացման շնորհիվ, հաջողվել է բարձրացնել քաղաքացիների վստահության մակարդակը։
Փաշինյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։ Վարչապետի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհել էին կոռուպցիայից և հանցագործություններից։ Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։
Փաշինյանը որոշումներ էր ստորագրել նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես հայտարարել էր իր հրաժարականի մասին։