Կառավարության որոշմամբ՝ Դավիթ Խուդաթյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից, համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։ Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Խուդաթյանին աշխատանքից ազատելու նախագիծը վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր ներկայացրել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նախագիծն ընդգրկված էր կառավարության գրավոր քվեարկության հարցերի ցանկում։
«Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 20-ին գրել էր, որ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը հրաժարական էր տվել նոյեմբերի 18-ին։ Իր ուղերձում նա նշել էր, որ կառավարության ջանքերով իր ղեկավարած կառույցին հաջողվել է դիմակայել մարտահրավերներին և լուծել նոր ճանապարհների կառուցման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման, ջրհեղեղի հետևանքների հետ կապված խնդիրները։
Նոյեմբերի 19-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր էր ստորագրել Սանոսյանի հրաժարականի մասին։ Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։