Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել, որով Ադրբեջանից պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց։
Բանաձևով պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց, վերացնել բոլոր սահմանափակումները։ Պալատը հանձնարարել է իր նախագահին բանաձևի տեքստը պաշտոնապես փոխանցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին՝ «որպես խորհրդարանական երկխոսության և դիվանագիտության հանձնառության նշան»։
Բացի այդ՝ Լյուքսեմբուրգի պատվիրակությանը ԵԽԽՎ-ում կներկայացնի արտակարգ քննարկման առաջարկ՝ 2024 թվականի նոյեմբերի 28-29-ին կայանալիք նիստում և կօգտագործեն խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավորությունները՝ աջակցելու անկախ քաղաքացիական հասարակությանը և խաղաղ հավաքների իրավունքին։
Բաքուն հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։
2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Կարդացեք նաև՝ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն։