Իշխանությունները որոշել են Քննչական կոմիտեի նախագահ նշանակել Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին, հայտնել է «Ժողովուրդ»-ը։ Թերթը մանրամասներ է ներկայացրել Պողոսյանի հայտարարագրած ունեցվածքից։
Հայտարարագրման համաձայն՝ Պողոսյանը 1 բնակարան և ավտոտնակ ունի Լոռու Վանաձոր համայնքում։ Նա հիփոթեքով բնակարան ունի նաև Երևանում, որի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ կազմել է 33 մլն 905 հազար դրամ։
Թերթի տեղեկությամբ՝ անցյալ տարի Պողոսյանը ձեռք է բերել Honda մակնիշի մեքենա, որն արժեցել է 7 մլն 800 հազար դրամ։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 700 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն դրամ, 5 հազար դոլար։
ՔԿ նախագահի թեկնածուի տարեկան եկամուտները կազմել են 32 մլն 807 հազար դրամ, որից 25 մլն դրամը՝ աշխատավարձ, ամսական ևս 55 հազար դրամ նա ստացել է Արդարադատության ակադեմիայից։ Եկամուտների 3 մլն 980 հազարը վարկ է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից, գրել է լրատվականը։
Պողոսյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ կազմել է 42 մլն 098 հազար դրամ։ Պողոսյանը վարկերի մարմանն ուղղել է 6 մլն 700 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 19 մլն 480 հազար դրամ:
Նոյեմբերի 18-ին ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել էր, որ հրաժարական է տվել պաշտոնից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։ Վարչապետի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհել էին կոռուպցիայից և հանցագործություններից։
ԶԼՄ-ները նոյեմբերի 17-ին հայտնել էին, որ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ՔԿ նախագահին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։
Փաշինյանը հաստատել էր, որ պաշտոնյաներն իր խնդրանքով են հրաժարական ներկայացրել։ Նա նշել էր, որ խնդրանքը ոչ թե անձնավորված է, այլ կապված է համակարգային խնդիրներով։