Ադրբեջանական քարոզչության հիմնական թիրախը մնում է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Չնայած 44-օրյա պատերազմում ունեցած հաջողության և 2023 թվականի արցախյան ամբողջական օկուպացիայի, հայերի էթնիկ զտումների և բռնի տեղահանության փաստին, ադրբեջանական ողջ քարոզչությունն ուղղված է Հայաստանի դեմ միջազգային հերթական հայցի տեղեկատվական ապահովմանը»,- գրել է պատգամավորը Facebook-ում։
Աբրահամյանը հավելել է, որ Ադրբեջանը Հայաստանի համար ագրեսորի նոր կերպար է ստեղծում, մինչդեռ «Հայաստանի իշխանությունները հանցավոր լռություն են պահպանում»։
«Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և պատահական չէ, որ ռեպորտաժների կադրերի կենտրոնում Սերժ Սարգսյանն է, իսկ Փաշինյանը միայն հանդիպում է սարկազմիկ բնույթի նյութերում»,- եզրափակել է ընդդիմադիր պատգամավորը։
Հոկտեմբերի 2-ին Աբրահամյանը Armenia Today-ին տված հարցազրույցում Արցախի նկատմամբ Հայաստանի իշխանությունների մոտեցումը «համահունչ» էր անվանել ադրբեջանականին։