«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը իշխանություններին մեղադրել է Բաքվում COP29-ի անցկացմանը զուգահեռ՝ ՀՀ ԱԺ-ում հայ գերիների վերադարձի մասին հայտարարության ընդունումը ձախողելու մեջ:
Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 12-ին մերժել էր ընդդիմության հայտարարությունը՝ կոչ անելով կառավարությանն ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու համար: Խորհրդարանական ընդդիմության հայտարարությանը կողմ էր քվեարկել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների 30 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քվեարկությանը չէին մասնակցել։
«Ավարտին է մոտենում Բաքվում անցկացվող COP29: Այս միջոցառումից մնաց մեկ կարևոր արձանագրում. ՔՊ-ն բառացիորեն տապալեց գերիների վերադարձի մասին մեր նախաձեռնած Ազգային Ժողովի հայտարարության ընդունումը: Ու թող հեքիաթներ չպատմեն՝ հայտարարության տեքստը մշակելիս մենք հատուկ ընտրել ենք այնպիսի ձևակերպումներ, որոնք առնչություն չեն ունենա ներքաղաքական գործընթացների հետ»,- գրել է պատգամավորը։
Նա շեշտել է, որ Եվրոպական Խորհրդարանի ու մի շարք երկրների պատգամավորներ հայտարարություններ են տարածել հայ գերիների վերադարձի պահանջով, իսկ ՀՀ ԱԺ իշխող մեծամասնությունը տապալել է Հայաստանում հայտարարության ընդունումը։
Բաքուն հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։
2023թ․ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։