«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը մեկնաբանել է թմրանյութերի առկայությունն ստուգող իր թեստի դրական արդյունքի մասին լուրերը։ Նոյոմբերի 20-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սարուխանյանի թմրանյութերի թեստը դրական արդյունք է ցույց տվել։
Պատգամավորը Facebook-ում թեստի արդյունքի լուսանկար է հրապարակել։ Նրա խոսքով՝ 20 նյութի վերաբերյալ տվյալներից 19-ը բացակայում է, իսկ 1-ը` բարբիտուրատները, առկա է։
Նա հավելել է, որ բարբիտուրատները կարող են հանդիպել շատերի մոտ, ովքեր «երբեմն լավ քնի համար կամ որպես հանգստացնող օգտագործում են կորվալոլ կամ վալոկարդին, քանի որ դրանց բաղադրության մեջ կա բարբիտուրատների շարքի նյութ՝ ֆենոբարբիտալ»։
Նրա խոսքով՝ իր դեմ արշավ են սկսել այն անձինք, ովքեր «պատերի տակ մշտապես խոսում էին՝ իբր իրենք են ՔՊ թեկնածուն»։ Սարուխանյանը նշել է, որ ունենալով որոշակի հովանավորչություն, բարեկամական և անձնական կապեր որոշ մարդկանց հետ՝ այդ անձինք շարունակել են իր դեմ արշավը՝ «փորձելով անել ամեն բան, որ սևացնեն իր անունը և ստեղծեն իրավիճակ, երբ փոփոխման ենթակա կլինի թեկնածուն»։
«Այդ ամենը արվում էր շատ հստակ, համակարգված, պատվեր կատարող որոշ բլոգերների թեթև ձեռքով գրված հատուկ հոդվածներով, ֆեյք էջերով քոմենտ գրողների ձեռամբ, իբր Սարուխանյան Կարենը թմրամոլ է»,- գրել է պատգամավորը։
Ըստ նրա՝ փորձելով հասունացնել այդ թեզը, բերման են ենթարկել իր քեռու որդուն և ընկերոջը։ Սարուխանյանի քեռորդի Վարուժան Խոջումյանը ՔՊ-ի Գյումրիի ավագանու անդամ Պարգև Գևորգյանի հետ նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով։ Նոյեմբերի 13-ին Խոջումյանը հայտարարել էր ՔՊ-ից դուրս գալու մասին։
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։
Հոկտեմբերի 24-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել էր, որ իշխանությունը Գյումրիում պատրաստվում է արտահերթ ընտրությունների, և թեկնածուի հարցը հստակեցրել են։ Հոկտեբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն Սարուխանյանն է։
Նոյեմբերի 8-ին Գյումրիի ավագանու՝ քաղաքապետի ընտրության նիստը քվորում չլինելու պատճառով տապալվել էր։