Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդներին դուրս բերելու Բաքվի պահանջները:
Վարչապետի խոսքով՝ հայկական կողմն Ադրբեջանին առաջարկել է ԵՄ դիտորդներին դուրս բերել երկու երկրների սահմանի սահմանազատված հատվածներից:
«Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ, ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև սահմանազատված սահմանին օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա»,- հայտարարել է նա։
Փաշինյանը նաև հայտնել է անցյալում կատարված իրադարձությունների վերաբերյալ միմյանց դեմ միջազգային հայցերից ՀՀ-ի ու Ադրբեջանի փոխադարձ հրաժարվելու հնարավորության մասին:
«Եթե մենք տեսնում ենք, որ իրական, ռեալ հասնում ենք խաղաղության և հաստատում ենք խաղաղություն, այսինքն՝ պայմանագիր ենք կնքում, կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է՝ ո՛չ իրենք մեր նկատմամբ, ո՛չ մենք իրենց նկատմամբ նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հայցեր պետք է չներկայացնենք և հրաժարվենք հայցերից, փոխադարձաբար»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով Անկախության հռչակագրում դրված է տրամաբանություն, որը ենթադրում է երկարատև և խորը կոնֆլիկտներ մեր միջավայրում։
«Հիմա մենք խնդիր ենք համարում այն, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ մի տեղ օգտագործում են Արևմտյան Ադրբեջան տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ դա գրգռում է ինչ-որ մարդկանց: Ինչպես մեզ գրգռում է Արևմտյան Ադրբեջան տերմինը, այնպես էլ Արևմտյան Ադրբեջանը գրգռում է ուրիշներին»,- մասնավորապես ասել է Փաշինյանը։
Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ պայմանավորվածությունը «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին հույս էր հայտնել, որ ԵՄ դիտորդները կմնան Հայաստանում այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքվել։ Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Բրյուսելը դիտարկում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգելու հարցը։
2023 թվականի փետրվարի 20-ին Եվրամիությունը Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում մեկնարկել էր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA) և ունի երկամյա մանդատ։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում իր դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի: ԵՄ առաքելության օպերատիվ շտաբը գտնվում է Եղեգնաձորում։ Առաքելության նպատակն է կայունացնել իրավիճակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ամրապնդել հակամարտություններից տուժած շրջաններում մարդկանց վստահությունն ու անվտանգությունը և ԵՄ աջակցությամբ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմաններ։
Մանրամասները՝ տեսանյութում։