«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին ՔՊ վարչության նիստից հետո ՔՊ խմբակցության վերնախավը փորձել է համոզել մանդատից հրաժարվել, սակայն Աղազարյանը կտրուկ մերժել է բոլոր բանագնացներին, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում Աղազարյանին զգուշացրել են, որ մանդատից չհրաժարվելը «վատ հետևանքներ կունենա» իր համար, սակայն Աղազարյանը չի փոխել մանդատից չհրաժարվելու որոշումը։
«ՔՊ-ում քիչ չեն նաև Աղազարյանի աջակիցները, որոնք գաղտնի հանդիպում, զանգում են իրենց գործընկերոջը և պահանջում Նարեկ Զեյնալյանի նման չհանձնվել: Նրանք չեն համարձակվում դա անել բացահայտ, որ հանկարծ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չիմանա և մի sms էլ իրենց չուղարկի՝ դիմում գրելու խնդրանքով»,- գրում է թերթը։
Նոյեմբերի 21-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ ՔՊ վարչության բոլոր ներկայացուցիչները, Փաշինյանի գլխավորությամբ, միաձայն հաստատել էին Աղազարյանի՝ մանդատից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Ըստ աղբյուրի՝ պատգամավորը նշել էր, որ միայն այն ժամանակ վայր կդնի մանդատը, երբ ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանն ապացուցի հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում արած այն հայտարարությունը, թե ինքը միջնորդել է որդու համար։
Հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։
Հոկտեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ միջադեպերի հետ կապված «կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։ Հոկտեմբերի 28-ին Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանը որոշումներ էր ստորագրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։