Լեհաստանը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանին եվրոպական ընտանիքին միանալուն ավելի մոտեցնելու համար, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
«Բոլոր այն գործառույթները, որոնք Հայաստանը կմոտեցնեն Եվրոպային և Եվրոպական ընտանիքին, ապա մենք նույնպես պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այդ ոլորտում։ Եթե Հայաստանը հետաքրքրություն ցուցաբերի, մենք պատրաստ ենք ցանկացած խնդրանքով աջակցել»,- նշել է Լեհաստանի նախագահը։
Դուդան հայտնել է, որ տարածաշրջանում իրավիճակի կայությունը շատ կարևոր է Լեհաստանի համար։ Նա վերահաստատել է Լեհաստանի դիրքորոշումը հայերի՝ իրենց սահմաններից ներս խաղաղ գոյակցության մասին։
«Ցանկանում ենք, որպեսզի հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա, Կովկասյան տարածաշրջանում ունենալով իրենց սուվերեն պետությունը կայուն և հստակ նշված սահմանների մեջ։ Այդ խաղաղությունը կարևոր է նաև Եվրոպական տարածաշրջանի համար»,- ասել է նա՝ նշելով, որ պատրաստ են օգնության կարիքի դեպքում ցուցաբերել։
Ինչպես իր խոսքում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ լեհ գործընկերոջ հետ անդրադարձել է նաև Հարավկովկասյան և Եվրոպական տարածաշրջանների զարգացումներին և առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիներին։
«ՀՀ-ն հաստատակամ դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության, առկա խնդիրները հարևանների հետ կառուցողական երկխոսությունների միջոցով լուծելուն։ Այս համատեքստում իմ գործընկերոջը ներկյացրեցի Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, որում պատշաճ կերպով ներկայացված է տարածաշրջանում երկրաժամկետ կայունության և խաղաղության հասնելու ՀՀ տեսլականը»,- ասաց նա։
Հուլիսի 17-ի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը գրել էր, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու և Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի հուլիսի 22֊ի նիստի օրակարգում։
Ավելի վաղ «Ազատությունը» հայտնել էր, որ Եվրամիությունը ԵՄ անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը։
Դիտեք նաև՝ «Լավ կլինի», «Մեզ պետք չէ»․ երևանցիները՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հնարավորության մասին