Երևանն ու Լոս Անջելեսը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հուշագիրն ստորագրել են քաղաքների քաղաքապետարանների ներկայացուցիչները։
Ավինյանը նշել է, որ հուշագիրը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները:
«Այս համագործակցությունը նպատակ ունի ստեղծել հարմարավետ ու ժամանակակից քաղաքային միջավայր, որտեղ յուրաքանչյուր երևանցի կունենա ավելի որակյալ և հասանելի ծառայություններ»,- հավելել է Ավինյանը։
Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը հայտարարել է, որ փաստաթղթի ստորագրումը կօգնի առավել հստակ դարձնել համագործակցությունն ու ամրապնդել քաղաքների միջև կապերը:
2007 թվականի փետրվարին Երևանը և Լոս Անջելեսը դարձել էին քույր քաղաքներ։